Մեր Մասին


Հայաստանը առաջիկայում 360armenia.am-ի միջոցով աշխարհին կներկայացվի որպես թանգարան բաց երկնքի տակ: 360armenia.am կայքը Հայաստանում նմանը չունեցող նախագիծ է ձեռնարկել, որի միջոցով այցելուն կարող է շրջել Հայաստանի գեղատեսիլ վայրերում, 360 աստիճանով պտտվել սեփական առանցքի շուրջ, զգալ իրեն հենց այն վայրում, որը դիտում է: Կայքի լուսանկարիչները օգտագործելով լուսանկարչական նորագույն, բացառիկ 3D պանորամային լուսանկարներ, հնարավորություն են տալիս այցելուհին տեսնել այն, ինչ տեսնում է նկարահանողը:

Իսկ ի՞նչ է պանորամային լուսանկարը. սա հատուկ լուսանկար է, որն ընդգրկում է ողջ տարածությունը մի կետի շուրջ՝ «փակելով» այն 360° հորիզոնական և 360° ուղղահայաց անկյուններով։ Վիրտուալ պանորաման կազմված է մի քանի նկարներից՝ նկարահանված հատուկ լուսանկարչական տեխնիկայով, որոնք էլ հատուկ ծրագրի միջոցով միավորվում և դառնում են մեկ ամբողջական նկար՝ ստեղծելով տվյալ կետում կամ վայրում ներկայության տպավորություն։

Ինչպե՞ս որոշեցինք ձեռնամուխ լինել այս գործին. մասնակցելով արշավների և ֆոտոտուրերի, ցանկություն առաջացավ լուսանկարչության ընձեռած հնարավորություններն օգտագործելով, Հայաստանը՝ որպես թանգարան բաց երկնքի տակ, ներկայացնել աշխարհին: Համացանցում այս դաշտն ուսումնասիրելով հասկացանք, որ այն հեղեղված է լուսանկարներով, պրոֆեսիոնալ թե անորակ, բայց միայն լուսանկարներով հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել պատմամշակութային երևույթի, բնության հրաշք վայրերի մասին, ուստի որոշվեց պատմամշակութային վայրերը ներկայացնել վիրտուալ տուրերի միջոցով: Այսպիսով` անասելի բարդացավ մեր աշխատանքը, բայց նույնչափ և Ձեր հաճույքը:

2013 թվականին համահեղինակներ Էդգար Մարտիրոսյանի ու Սևադա Ղազարյանի ջանքերով բացվեց նմանատիպ 360arm.am կայքը, որի գործունեությունը դադարեցվեց որոշ խնդիրների պատճառով, սակայն կայքի հեղինակ և լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը սեփական միջոցներով բացում է մշակութային այս նոր, հրաշալի նախագիծը, որը կարող է խթան հանդիսանալ տուրիզմի զարգացմանը, համացանցի անծայրածիր տարածության մեջ Հայաստանը ներկայացնելով իր իրական ու վեհաշուք տեսքով:

Արդյո՞ք միայն վիրտուալ տուրով սահմանափակվում է մեր կայքը. ո՛չ, ցանկացած վիրտուալ տուր կունենա կցված պատմական ակնարկ, որում հնարավորինս հանգամանալից կներկայացվեն կարևոր փաստերը՝ կապված տվյալ պատմամշակութային վայրի հետ: Բացի սեփական տուրերը, կայքը նախատեսում է համագործակցություն աշխարհի տարբեր անկյուններում ապրող լուսանկարիչների հետ, որպեսզի Ձեզ ներկայացնենք նաև աշխարհի մակարդակով վիրտուալ տուրեր: Եվ վերջապես, կայքը կունենա նաև լուսանկարների բաժին, որի համալրմանը կարող եք մասնակցություն ունենալ նաև Դուք՝ սիրելի այցելու: Եվ սա ամենը չէ, կայքի վրա առայժմ աշխատում է թեև փոքր, բայց նպատակասլաց թիմ, որը ամեն օր փնտրում է առավել նոր, առավել հետաքրքիր, առավել գեղեցիկ ու յուրօրինակ միջոց՝ իրականացնելու իր գերնպատակը. բաց երկնքի տակ սփռված թանգարան Հայոց աշխարհի գեղատեսիլ վայրերը, եկեղեցիներն ու վանքերը ամբողջ աշխարհին և ինչու ոչ հային, ներկայացնել իրենց ողջ շուքով ու հմայքով, հնարավորության տալ, կատարել փոքրիկ, բայց անմոռանալի ճանապարհորդություն, մեր փոքրիկ, բայց չքնաղ երկրում:







Մենք Facebook-ում