Թեժառույքի վանական համալիր


Գեղարդի վանք


Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։
Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)


Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վեհաշուք մի կառույց է ու սրբավայր, որը կառուցվել է բոլորովին վերջերս, եկեղեցին գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006թ-ի օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ։

Մայրավանք


Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում:
Սրբատաշ բազալտից կարուցված Ս.Աստվածածին եկեղեցին (XI-XIIդդ.) մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերում միաբանության շենքերի ավերակներն են:
Մայրավանքը հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է “Մայրագոմ”, իսկ Հովհանին՝ “Մայրագոմեցի”:

Գառնիի հեթանոսական տաճար


Հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ., տաճարը՝ I դ.:
Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Ըստ XIVդ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։

Նեղուցի Ս.Աստվածածին վանք


X-XI դդ.
Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից:
Եկեղեցին կառուցվել է X-XIդդ., ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով (այժմ քանդված են գմբեթը և հարավային պատը): Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:
Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Գավիթը ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:




Մենք Facebook-ում