ՀՈՂՄԻԿԻ ԱՆՏԻԿ ՏԱՃԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

ՀՈՂՄԻԿԻ ԱՆՏԻԿ ՏԱՃԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ. 3600 Համայնապատկեր

 


Գտնվում է Շիրակի մարզում` Ամասիայից մոտ 4 կմ հարավ-արևմուտք: Այստեղ` ներկայիս Հողմիկ գյուղից մոտ 1.5կմ արևմուտք, դեռևս 1987թ սկսվել և շարունակվում է պեղվել հիշյալ տաճարական համալիրը: Նշված հնավայրը ուսումնասիրվում է ընդհանուր առմամբ 14 հնագիտական սեզոն (1987-1992, 2006-2013 թթ.):
Հնավայրը չորս տասնամյակ առաջ` մինչև այստեղ պեղումները սկսվելը, ենթարկվել է մելիորացիայի, որի հետևանքով նրա վերին շերտին` ուշ անտիկ դարաշրջանին /մ.թ. III-IV դդ./, վերաբերող գրեթե կանգուն եղած շինությունները զգալի չափով վերացվել են գետնի երեսից:
Տաճարական համալիրի ամբողջ մակերեսը` մոտավոր հաշվումներով կազմում է առնվազն 10հա: 
Առաջին անգամ ամբողջական համալիրներով լույս աշխարհ են ելնում հին հայկական մեհյանները և բագինները, որոնց մասին անցյալից պահպանվել էին միայն առանձին ժլատ հիշատակություններ, քանի դեռ հնագետի բահը չէր պեղել հնագույն մասունքները: Հողմիկում հեթանոսական գլխավոր մեհյաններին հարևանում են պահեստներ, փոքր աղոթարաններ, միջանցքներ, բակեր: 
2008-ից այս հիմնական պեղավայրից մի փոքր հեռու սկսվել են «Արևմտյան» համալիրի պեղումները, որն առանձին մասերում արդեն ունի չորս մետր խորությամբ պատեր: 
Ամենուրեք շենքերի ներսում հայտնաբերվում են տարբեր տիպի զոհասեղաններ, տաճարական սպասքի ջարդված բեկորներ և զոհաբերված զանազան կենդանիների մնացորդներ: 
ՙԱրևմտյան՚ տեղամասի պեղումների նպատակն է բացահայտել, թե ինչ կառուցվածք ունեին հայ միջնադարյան պատմիչների հիշատակած հեթանոսական բագինները: 
Պեղումների ստրատեգիան. մի տասնամյակում պեղումներով միավորել «Հիմնական» և «Արևմտյան» պեղամասերը: Ընթացիկ գիտական խնդիրների լուծմանը ցավոք խանգարում է Հողմիկ գյուղի հեռացվածությունը ժամանակակաից խոշոր բնակավայրերից: Սա, մասնավորապես, խոչընդոտում է «Հիմնական» կամ «Արևելյան» տեղամասում գտնվող` պայմանականորեն Անահիտի տաճար կոչվող, սրահին հարևանող շենքերի պեղումներին:
Պեղումները իրենց հերթին ապացուցում են հնագետ Հայկ Հակոբյանի այն տեսությունը, որ հին Հայաստանի հեթանոսական տաճարները չեն դարձել պետականորեն կազմակերպված ավերածությունների զոհ, այլ խնամքով փակվել են, իրենց ներկայությամբ բարձր հեղինակություն դարձնելով տեղում կամ հարևանությամբ վեր խոյացած առաջին քրիստոնեական հաստատություններին:

 

 


  
Մենք Facebook-ում